Posted in Հանրահաշիվ

ՊԱՏԱՀՈՒՅԹ

Առօրյա կյանքում մեր շուրջը տեղի են ունենում տարբեր իրադարձություններ. օրինակ՝ հայրիկը նոր հեռուստացույց է գնել, հարևանի կատուն ձագեր է ունեցել, Հայաստանի շախմատիստների թիմը հաղթել է օլիմպիադայում, լուսամուտից ներս է թռել մի թռչնակ։

Իրադարձությունների մեջ կան այնպիսիները, որոնք որոշակի պայմանների առկայության դեպքում միշտ տեղի են ունենում։ Այդպիսի իրադարձությունները կոչվում են հավաստի իրադարձություններ։
Օրինակ՝

1. Պարզկա եղանակին գիշերը երկնքում միշտ կերևան աստղերը։ Այս օրինակում պայմաններն են պարզկա եղանակը և գիշերը, իսկ իրադարձությունը՝ աստղերի երևալը։

2. Թեյով լի բաժակի մեջ գցված շաքարի կտորն անպայման կիջնի բաժակի հատակը։ Այս օրինակում պայմանն է թեյով լի բաժակի մեջ շաքարի կտոր

գցելը, իսկ իրադարձությունը՝ շաքարի կտորի իջնելը բաժակի հատակը։

Բերենք հավաստի իրադարձությունների ևս մի քանի օրինակ.

3. Եթե կավիճը քսենք գրատախտակին, ապա գրատախտակի վրա սպիտակ գիծ կհայտնվի։

4. Եթե ամռանը սառույցի կտորը դնենք արևի տակ, ապա այն կհալվի։

Կան նաև իրադարձություններ, որոնք որոշակի պայմաններում երբեք տեղի չեն ունենում։ Այդպիսի իրադարձությունները կոչվում են անհնար իրադարձություններ։ Բերենք անհնար իրադարձությունների օրինակներ։

1. Հյուսիսում ձմռանը ծառերը ծաղկել են։

2. Ջրի մեջ գցված երկաթյա իրը լողում է ջրի մակերևույթին։

3. Արկղից, որում միայն խնձոր, տանձ և դեղձ կային, հանեցին մի ձմերուկ։

4. Գնդակը ֆուտբոլիստի հարվածից հետո թռավ 1 կմ։

Իսկ այժմ մենք կդիտարկենք այնպիսի իրադարձություններ, որոնք որոշակի պայմանների առկայության դեպքում կարող են տեղի ունենալ

կամ տեղի չունենալ։ Այդպիսի իրադարձությունները կոչվում են պատահույթներ (պատահական իրադարձություններ)։ Ստորև բերված

են այդպիսի իրադարձությունների օրինակներ։

1. Դիտարկենք խաղոսկրը (զառը), որի նիստերին

գրված են 1, 2, 3, 4, 5, 6 թվանշանները (տե՛ս նկ. 40)։

Երբ խաղոսկրը գցում ենք, կարող է բացվել այդ

թվանշաններից որևէ մեկը։ Այն իրադարձությունը, երբ

բացվում է, օրինակ, 5 թվանշանը, պատահույթ է, քանի

որ խաղոսկրը գցելիս այդ թվանշանը կարող է բացվել

կամ չբացվել։

2. Երբ հրաձիգը կրակում է թիրախի վրա, գնդակի՝ թիրախին դիպչելը պատահական իրադարձություն է։ Միևնույն պայմաններում գնդակը կարող է դիպչել նշանակետին, կարող է և չդիպչել։

3. Մետաղադրամը նետելիս կարող է ընկնել ,զինանիշ  կամ,թիվ։

Շատ հաճախ մենք ինքներս կարող ենք ստեղծել որոշակի պայմաններ և ստուգել, թե տեղի կունենա արդյոք այս կամ այն իրադարձությունը այդ պայմաններում։ Այդ դեպքում ասում են, որ մենք

կատարում ենք պատահական փորձ։ Պատահական փորձի յուրահատկությունն այն է, որ այն բազմակի ելքեր ունի, և կարելի է այն կրկնել ցանկացած քանակությամբ։ Օրինակ՝ պատահական փորձ են

մետաղադրամի կամ խաղոսկրի նետումը, թիրախի վրա կրակելը, տուփից գնդիկը հանելը (առանց նայելու), արտադրանքի ստուգումը խոտանը բացահայտելու համար, ցանած ցորենի հատիկի ծլելը։

Միևնույն պատահույթը կարող է իրականանալ պատահական փորձի տարբեր ելքերի դեպքում։ Դիտարկենք, օրինակ, հետևյալ

պատահույթը. խաղոսկրը նետելիս բացվում է 3-ից փոքր թիվ։ Պարզ է, որ այս պատահույթը տեղի կունենա, եթե բացվեն 1 կամ 2 թվերը

(ելքերը)։ Այս դեպքում ասում են նաև, որ այդ ելքերը նպաստում են պատահույթին։

Առաջադրանքներ
1. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են պատահույթներ.

ա) Դուք դուրս եք գալիս տնից և հանդիպում եք Ձեր վերևի բնակարանում ապրող հարևանին։

բ) Ուժգին քամի է փչում, իսկ ծառերի տերևները չեն շարժվում։

գ) Սեղանի թենիս խաղալիս Դուք հաղթել եք Ձեր ընկերոջը (որը նույնքան լավ է խաղում, որքան Դուք)։

դ) Թռչնակը ներս կթռչի Ձեր սենյակը։

2. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են հավաստի.

ա) Դուք միացրել եք լույսը, իսկ լամպը չի վառվել։

բ) Զամբյուղում 10 խնձոր կար։ Երբ զամբյուղի մեջ դրեցին ևս մեկ խնձոր, այնտեղ եղավ 11 խնձոր։

գ) Զամբյուղում 5 տանձ կար։ Երբ զամբյուղի մեջ 4 խնձոր էլ դրեցին, այնտեղ եղավ 9 խնձոր։

դ) Հրաձիգը կրակել է և դիպել թիրախին։

ե) Չորս մարդու համար ճաշ պատրաստելիս խոհարարը պղնձի մեջ լցրեց կես տուփ աղ։ Ճաշը աղի ստացվեց։

3. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են անհնար.

ա) Դրամը նետելիս ընկել է ,զինանիշ։

բ) Գիշերը ծագել է արևը։

գ) Դուրս գալով փողոց՝ դուք հանդիպել եք Տիգրան Ա արքային։

դ) Հաջորդ շաբաթ վատ եղանակ կլինի։

ե) Դուք մուրճով խփել եք ռելսին և ձայն է հնչել։

զ) Հավաքակայանում միայն մարդատար մեքենաներ կան։ Այնտեղից դուրս է գալիս մի ավտոբուս։

Leave a comment