Posted in Հայոց լեզու, Նախագիծ

Հին հայերի Նոր տարին`  Կաղանդ, Նավասարդ, Ամանոր

Հայ ժողովուրդն իր պատմության մեջ ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ և Ամանոր: Դեռևս վաղնջական
ժամանակներում հայերը նոր տարին ազդարարել են մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով: Հայոց երկրորդ նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին,( այսինքն` օգոստոսի 11-ին)` այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Այն 12-րդ դարում ընդունել է տոմարագետ Հովհաննես Սարկավագը։ Հայկական ավանդական Ամանորը յոթօրյա բացօթյա տոնակատարությամբ նշվել է Նպատ լեռան ստորոտում՝ արքունիքի, աշխարհազորի ներկայությամբ։


18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսն անցկացրեց տոմարագիտական ռեֆորմ, որի համաձայն հայերն Ամանորը սկսեցին նշել հունվարի մեկին:
Հին Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնել, քանի որ Նավասարդը ոչ թե ուտիս, այլ պաս օր է: Ավանդական ուտեստները պատրաստվում էին հատիկեղենից` լոբուց( որի պատիճը խորհրդանշում էր ընտանիքի ամրությունը, իսկ հատիկը` ընտանիքի սաղմը), ոսպից, չրերից, ընկույզներից և այլն: Սեղանի զարդը համարվում էր Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 հավասար մասերի, և ընտանիքի այն անդամին, ում բաժին էր ընկնում դովլաթը, Նոր տարում հաջողություններ էին սպասվում:


Մեր նախնիները ունեցել են ձմեռային հրաշագործ, ում անվանում էին Մեծ պապուկ կամ Կաղանդ պապ: Նա առնչվում էր կաթողիկոս Սահակ Պարթևի անվան հետ, ով,համաձայն ավանդության, հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:
Հին հայերը երբեք տոնածառը փայլազարդերով չեն զարդարել։
Դեռևս հնուց հայերն ունեցել են ծառերի պաշտամունք և տոնածառին փոխարինել են ձիթենու ճյուղերը: Նրանցից ամենահաստը Նոր տարվա գիշերը խրել են մեծ հացի կամ կլոր գաթայի մեջ և զարդարել ընկուզեղենով, չրերով, ցորենի հասկերով, լոբիով, զանազան մրգերով, հատկապես խնձորներով, որոնք պտղաբերություն էին խորհրդանշում, նաև չարխափաններով ու մարդակերպ կամ կենդանակերպ թխվածքներով: Տանտերը Կաղանդի ծառը տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել տուն: Հետո, երբ ճյուղից կախված հյուրասիրությունները վերջանում էին, ընտանիքի յուրաքանչյուր անդամ դրա վրա իր մազն էր կապում ու ճյուղը նետում էին թոնիրը, որպես ընտանիքի բոլոր անդամների երկարակեցության երաշխիք։

Նոր տարվա հայկական անվանումը՝ Ամանորը, շատ գեղեցիկ մի առասպել ունի։
Հին առասպելի համաձայն հենց հունվարին է բնության աստված Ամատուրը սեր խոստովանել իր ապագա կնոջը՝ Ամանորին, ում պատվին էլ նոր տարվա տոնն Ամանոր անուն է ստացել։ Հետաքրքիր է, որ խոստովանության հետ մեկտեղ Ամատուրն իր սիրելիին խնձոր է նվիրել։ Եվ, ըստ ավանդույթի, ամանորյա գիշերը մարդիկ ներում էին միմյանց բոլոր վիրավորանքներն ու խնձոր էին նվիրում։
Մեր նախնիները նոր տարվա գիշերը սիրում էին իմանալ, թե ինչպիսին կլինի եկող տարին։ Այդպիսի «գուշակությունների» համար հարցի օբյեկտի ձևով հատուկ բլիթներ էին թխվում. եթե հետաքրքրում էր ֆինանսական հարցը, ապա բլիթը թխում էին քսակի տեսքով, եթե տնային կենդանու առողջության մասին՝ կովի տեսքով եւ այլն։ Եթե խմորը բարձրանում էր, նշանակում է տվյալ հարցում հաջողություն էր սպասվում։ Եվս մեկ հետաքրքիր հայկական սովորույթ էր սկսվում հունվարի մեկի գիշերը։ Տանտերը անտառից կոճղ էր բեերում տուն, և մինչեւ Սուրբ ծնունդ տուն եկած յուրաքանչյուր հյուրը կոճղից կարող էր մի կտոր պոկել, այն գցել կրակի մեջ ու երազանք պահել։

Leave a comment