Posted in Պատմություն

Պատմություն 12-19

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

Տիգրանը հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմը և ամենաքաջը։ Նա պարսից Կյուրոս Մեծ թագավորի աջակիցն էր մարաց իշխանությունը տապալելիս։ Նա հնազանդեցնում ու նվաճում է հույներին, ընդարձակում Հայոց աշխարհի սահմանները։

Իր բացառիկ արիությամբ ու քաջությամբ նա բարձրացնում է հայոց ազգի հարգն ու պատիվը, և հայոց ազգը, որ մինչև այդ օտարների լծի տակ էր հեծում, դարձնում է օտարների վրա գերիշխող ու հարկապահանջ։ Նա լիացնում է Հայոց աշխարհը ոսկով ու արծաթով, թանկարժեք քարերով, շքեղ ու գունագեղ զգեստներով։ Նրա օրոք հայոց հետևակ մարտիկները դառնում են ձիավորներ, պարսավորները՝ դիպուկ աղեղնավորներ, մահակավորները զինավառվում են սուսերներով ու տեգավոր նիզակներով, անզրահ մարտիկները վահանավորվում են ու զրահավորվում։ Եվ երբ բոլոր այդ զորատեսակները ի մի էին հավաքվում, ապա նրանց շքեղ զինավառության, շողշողուն զենք ու զրահի գեթ փայլը բավական էր թշնամուն ընդմիշտ վանելու և հալածելու համար։

Նա խաղաղություն, շենություն, լիություն բերեց Հայոց աշխարհին։

Տիգրանը խարտյաշ, գանգրահեր տղամարդ էր՝ գունեղ երեսով, մեղմահայաց, թիկնեղ ու վայելչակազմ, ուտել-խմելու մեջ պարկեշտ էր ու չափավոր, խրախճանքների մեջ՝ օրինավոր, վարքուբարքով՝ ժուժկալ։

Իբրև թագավոր՝ արդարամիտ էր, արդարադատ, հավասարակշռված, ոչ լավագույններին էր նախանձում, ոչ էլ նվաստներին արհամարհում, միշտ ձգտում էր բոլորի վրա տարածել իր խնամքն ու հովանավորությունը։

—————————

* Այս շարքն ամբողջապես շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմության»։ «Վիպասանքը» կամ «Երգք վիպասանացը» հայ հնագույն և առաջին առասպելաբանական վեպն է, հյուսված հայոց Տիգրան, Երվանդ, Արտաշես, Արտավազդ, Տրդատ անուններով տարբեր թագավորների արարքների շուրջը՝ առասպելաբանական մոտիվներով հարակցված կամ գունավորված։

Տիգրան և Աժդահակ

Աժդահակը1 Մարաստանի թագավորն էր և Տիգրանի դաշնակիցը։ Բայց Տիգրանը միաժամանակ դաշնակիցն էր Մարաստանի թշնամի պարսից Կյուրոս թագավորի։ Այս դաշնակցությունը շատ էր մտահոգում և անհանգստացնում Աժդահակին։ Նա ամեն անգամ հիշելով Կյուրոսի և Տիգրանի դաշնակցությունը, անհանգստանում էր, մնում էր անքուն և հաճախ իր խորհրդականներին հարց էր տալիս, թե ի՞նչ հնարներ ու միջոցներ կարելի է գտնել՝ քանդել տալու սիրո կապը պարսիկի և բազմաբյուր զորք ունեցող հայ Տիգրանի միջև։

Այս տևական մտատանջություններից ու կասկածներից ալեկոծված, մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում, որ ոչ արթուն ժամանակ էր աչքով տեսել և ոչ էլ երբևէ ականջով լսել։

Աժդահակը այդ երազից սարսափահար, քնից վեր է թռչում և կեսգիշերին, չսպասելով լուսանալուն, շտապ կանչում է իր խորհրդակիցներին։ Երբ խորհրդակիցները հավաքվում են, Աժդահակը տրտում ու մտահոգ, հայացքը գետնին հառած, խոր թառանչ է արձակում։ Խորհրդակիցները հարցնում են պատճառը, իսկ նա ժամերով լռում է և, ի վերջո, հեծկլտանքով նրանց պատմում իր տեսած ահավոր երազը։

— Իմ սիրելիներ,— ասում է նա,— երազումս ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով։ Կարծես մեկը ասելիս լիներ, թե դա Հայկազանց երկիրն է։
Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած։ Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված։

Ես հիացմունքով ու ակնապիշ երկար ժամանակ նայում էի այդ կնոջը։ Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով՝ կատարյալ դյուցազաններ։ Առաջինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արևմուտք, երկրորդը՝ ընձի վրա հեծած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը վիթխարի վիշապ սանձած՝ բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա։

Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էին կանգնած նաև մեզ պսակող աստվածները՝ իրենց հրաշալի տեսքով, և ես, ձեզ հետ միասին, նրանց պատվում էի զոհերով և խնկով։ Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն վիշապ հեծած մարդուն, որ արծվի նման վայր սլանալով հարձակվեց մեզ վրա և մոտենալով, ուզում էր կործանել մեր աստվածներին։ Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի դյուցազնի հարձակումն ինձ վրա ընդունեցի։ Նախ նիզակների տեգերով սկսեցինք միմյանց մարմինները խոցել և արյան վտակներ հոսեցնել, որի հետևանքով ապարանքի արեգակնատիպ երեսը դարձավ արյան ծով։ Հետո երկար ժամանակ կռվեցինք այլ զենքերով։

Բայց զուր եմ խոսքս այսքան երկարացնում, որովհետև կռիվը վերջացավ իմ կործանումով։ Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ, և թվում էր, թե այլևս կենդանի չեմ։ Կարծում եմ, որ այս երազս ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Հայկազյան Տիգրանի կողմից մեզ վրա անակնկալ հարձակում է սպասվում։ Ուստի խնդրում եմ ձեզ, աստվածների օգնությամբ, խոսքով ու գործով, բարի խորհրդով մեզ աջակից ու օգնական լինել։

Խորհրդակիցները բազմաթիվ օգտակար մտքեր ու խորհուրդներ են առաջարկում Աժդահակին. նա շնորհակալությամբ ընդունում է, ապա դիմելով նրանց ասում.

— Ո՛վ սիրելիներ, ձեզանից բազում հանճարեղ և իմաստուն խորհուրդներ լսելուց հետո կասեմ և իմը, որը աստվածների օգնությունից հետո, կարծում եմ, լավագույնն է և օգտակարը։ Թշնամիներից

————————-

1 Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ «Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։

զգուշանալու, նրանց մտադրությունը գուշակելու և նրանց կործանելու համար առհասարակ լավագույն ձևը սիրո միջոցով դավելն է։ Եվ քանի որ այդ միջոցն այժմ անհնարին է գործադրել գանձերով կամ կեղծ ու պատիր խոսքերով, ապա, կարծում եմ, որ Տիգրանի դեմ որոգայթ լարելու ամենահարմար ձևը նրա քրոջը՝ գեղեցկագույն և խոհեմ Տիգրանուհուն, կնության առնելն է։ Մեր խնամիական կապերը նախ լայն հնարավորություն կընձեռեն ազատ ու համարձակ երթևեկության, ապա և Տիգրանի մտերիմներին գանձերով ու պատվի խոստումներով կաշառելու, որպեսզի նրանք կամ թաքուն սպանեն Տիգրանին, կամ էլ նրան լքելով մատնեն մեր ձեռը, իբրև մի անզոր տղայի։

Բարեկամներն այս խորհուրդը իմաստուն համարելով, անցնում են գործի։ Աժդահակը իր խորհրդակիցներից մեկին մեծ գանձ է տալիս և ուղարկում Տիգրանի մոտ հետևյալ նամակով.

«Քո եղբայրությունը գիտե, որ աշխարհում ոչ մի բան այնքան օգտակար չէ, քան աստվածների պարգևած սերն ու միաբանությունը, մանավանդ իմաստունների և հզորների միջև։ Այդ դեպքում դրսից խռովություններ չեն ծագի, ծագելու դեպքում էլ՝ իսկույն կընկճվեն, իսկ ներքին խռովությունները կհալածվեն, որովհետև դրսից նպաստող չի լինի։ Բարեկամությամբ պայմանավորված այս շահավետ օգուտը նկատի առնելով, ուզում եմ առավել խոր ու հաստատուն դարձնել սերը մեր միջև, որպեսզի երկուսս էլ ապահով զգալով՝ հաստատուն և ամբողջական պահենք մեր տերությունները։ Այդպես էլ կլինի, եթե դու ինձ կնության տաս քո քրոջը՝ Հայոց մեծ օրիորդ Տիգրանուհուն։ Եվ եթե համաձայնես, ապա նա կդառնա թագուհիների թագուհի։ Ողջ եղիր, մեր թագակից և սիրելի եղրայր»։

Պատգամավորը գալիս է Տիգրանի մոտ, հանձնում նամակը։ Տիգրանը համաձայնում է իր գեղեցիկ քրոջը՝ Տիգրանուհուն, կնության տալ Աժդահակին։ Տիգրանն անտեղյակ իր դեմ նյութվող խարդավանքին, քրոջն արքայավայել ուղարկում է Մարաստան։ Աժդահակն ամուսնանում է Տիգրանուհու հետ և նրան իր կանանց մեջ առաջինն է դարձնում։ Պատճառը ոչ միայն իր նենգ մտադրությունն էր, այլև Տիգրանուհու անչափ գեղեցկությունը։

Աժդահակը Տիգրանուհուն տիկնության կարգի մեջ է հաստատում և իր թագավորության մեջ ամեն ինչ կատարում նրա կամքով ու ցանկությամր, հրամայում է անգամ, որ բոլորը Տիգրանուհու հրամանին ենթարկվեն և ամեն ինչ կատարեն նրա ուզածի պես։

Աժդահակն այնուհետև սկսում է մեղմ շողոքորթությամբ Տիգրանուհուն տրամադրել եղրոր դեմ։

— Դու տեղյակ չես, — ասում է Աժդահակը,— որ քո եղրայր Տիգրանը կնոջ՝ Զարուհու դրդմամբ, նախանձում է քեզ Արյաց1 տիկին դառնալուդ համար։ Այս նախանձի հետևանքը կլինի իմ մահը, որից հետո Զարուհին ինքը կդառնա Արյաց վրա տիկին և աստվածուհիների տեղը կգրավի։ Այժմ ամեն ինչ քեզնից է կախված, կա՛մ պիտի լինես եղբայրասեր և հանձն առնես մեր խայտառակ կործանումը Արյաց առաջ, կամ քո բարին գիտակցելով, մի օգտակար խորհուրդ խորհես մեր ապագայի մասին:

Աժդահակի այս նենգ խոսքերի տակ թաքնված էր նաև մի սպառնալից ակնարկ, որ եթե Տիգրանուհին իր կամքի համաձայն չգործի, ապա նա կսպանվի։ Իսկ խորագետ Տիգրանուհին լավ կռահելով ամուսնու դավադիր մտադրությունը, մեղմ ու սիրալիր խոսքերով հանգստացնում է Աժդահակին, միաժամանակ մտերիմների միջոցով շտապ հայտնում եղբորը նրա դեմ նյութվող դավաճանության մասին։

Աժդահակն այնուհետև անցնում է իր խարդավանքի իրագործմանը։ Նա պատգամավորներ է առաքում Տիգրանի մոտ, առաջարկելով բարեկամական տեսակցություն՝ իրենց երկու պետությունների սահմանագլխին։ Այդ անձնական հանդիպումը Աժդահակը պատճառաբանում էր խիստ գաղտնի և կարևոր գործի անհրաժեշտությամբ, որն իբրև թե հնարավոր չէր հայտնել նամակով կամ պատվիրակների միջոցով։

Տիգրանը նախապես տեղյակ լինելով Աժդահակի նենգ դիտավորությանը, նամակով բացահայտ գրում է նրա հոգում թաքցրած խարդախ խորհուրդների մասին։ Երբ այս ձևով ամեն ինչ րացահայտվում

—————————-

1 Արիներ կամ արիացիներ էին կոչվում վաղնջական իմաստով՝ հնդկական և իրանական ցեղերը միասին վերցրած, առավել ուշ առումով՝ իրանական ցեղերը միայն։ Քանի որ մարերը (մեդացիները) ևս իրանական ցեղեր էին, ուստի այստեղ այդ վերջին առումով է գործածված։ Հետևաբար Արյաց տիկին, նշանակում է իրանական (այդ թվում նաև մարական) տիկին, այսինքն` մարաց թագուհի։

է, Աժդահակի համար այլևս անհնար է դառնում որևէ խորամանկությամբ կամ պատրվակով իր չար խորհուրդը քողարկել։ Եվ երկու տերությունների միջև ծայր է առնում լարված թշնամություն։

Տիգրանը սկսում է նախապատրաստվել պատերազմի։ Նա Կապադովկիայի սահմաններից, Վրաց և Աղվանից աշխարհներից, Մեծ ու Փոքր Հայքից հավաքում է իր ընտիր զորագնդերը և իր ամբողջ զորությամբ, սքանչելի զինավառված՝ դիմում մեդացոց կողմերը։

Ահագնացող վտանգը հարկադրում է Աժդահակին ևս զորքերի մեծ բազմությամբ ելնել պատերազմի Հայկազունի Տիգրանի դեմ։ Բայց Տիգրանը քրոջ Մարաստանում գտնվելու աատճառով պատերազմն առայժմ չի սկսում։ Այս լարված հակառակությունը տևում է մոտ հինգ ամիս, այդ ընթացքում Տիգրանին հաջողվում է իր սիրելի քրոջը՝ Տիգրանուհուն, հնարամտությամբ փրկել և ազատել Աժդահակի ձեռից։ Երբ այդ բանը հաջողվում է, Տիգրանը սկսում է պատերազմը։
Կռիվը տևում է բավական երկար, որովհետև քաջերը քաջերի հանդիպելով՝ մեկը մյուսին դյուրությամր թիկունք չէր դարձնում։ Կռվին վերջ է տրվում միայն այն ժամանակ, երբ քաջամարտիկ նիզակավոր Տիգրանը դեմ առ դեմ հանդիպում է Աժդահակին։ Տիգրանն իր երկար նիզակով այնպես է հարվածում Աժդահակի կրծքին, որ երկաթե ամուր զրահը ջրի պես ճեղքելով, նրան շամփրում է նիզակի լայնաթև տեգին, և երբ նիզակը դուրս է քաշում՝ Աժդահակի թոքի կեսը մնում է զենքի ծայրին։

Կռիվն ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով։ Կռվից հետո Տիգրանը Տիգրանուհուն մեծ բազմությամբ և արքայավայել ուղարկում է իր անունով կառուցած Տիգրանակերտ քաղաքը և հրամայում շրջակա գավառները դնել քրոջ ծառայության տակ։

Հետագայում Տիգրանուհու սերնդից է սկիզբ առնում այս կողմերում հայտնի «Ոստան ազատության» կոչված արքայազարմ ազնվական դասակարգը։
Իսկ Աժդահակի առաջին կնոջը՝ Անույշին, և Աժդահակից սերված բազմաթիվ պատանիների ու աղջիկների, գերիների բազմությամբ հանդերձ, ավելի քան տասը հազար մարդ, Տիգրանը Մարաստանից բերում, բնակեցնում է Մասիսի արևելյան փեշերին՝ մինչև Գողթն գավառի սահմանները, Նախճավանի ամրոցի դիմաց։ Այդ բնակավայրերն են Տամբատ, Ոսկիողա, Դաժգույնք և Երասխի ափին գտնվող այլ դաստակերտներ, որոնցից մեկն էլ Վրանջունիքն է։

Տիգրանը մարացիներին է թողնում նաև գետի մյուս ափին գտնվող Խրամ, Ջուղա և Խորշակունիք ավանները և մինչև Նախճավանի ամրոցն հասնող ամրողջ դաշտը։ Անույշին, իր զավակներով հանդերձ, Տիգրանը խաղաղ բնակեցնում է Մասիս լեռան փեշի երկրաշարժից առաջացած փլվածքի վերջում և նրանց տրամադրում սպասավորներ։

Առաջադրանք

Համառոտ վերաշարադրել առասպելը, համեմատել, համադրել, գտնել անճշտություններ/«Վիպասանք» վիպաշարը, կարդալուց հետո/:

Տիգրան Մեծը հայոց արքաներից ամենահզորն էր, ամենախոհեմը և ամենաքաջը։ Նա խաղաղություն, շենություն, լիություն բերեց Հայոց աշխարհին։ Աժդահակը (Աժի Դահակ—չար վիշապ) Մարաստանի թագավորն էր և Տիգրանի դաշնակիցը։ Բայց Տիգրանը միաժամանակ Մարաստանի թշնամի պարսից Կյուրոս թագավորի դաշնակիցն էր։ Մի օր Աժդահակը երազում տեսավ, որ վիշապ հեծած մի քաջազուն հարձակվում է Մարաստանի վրա և հաղթում է իրեն։ Նա որոշում է խորամանկության դիմել և կնության է առնում Տիգրանի քրոջը՝ Տիգրանուհուն։ Բայց Տիգրանուհին զգուշացնում է եղբորը Աժդահակի խարդախությունների մասին։ Տիգրանի և Աժդահակի միջև ճակատամարտ է լինում և Տիգրանը հաղթում է։
Հայոց Սանատրուկ (Սանատ աստծո տված կամ շան տված) թագավորը Ասորիքի թագավոր Աբգարի քրոջ որդին էր։ Սանատրուկի մահից հետո թագավորության մեջ խռովություն է ընկնում, և թագավորությունն անցնում է ոմն Երվադի ձեռքը։ Թագավոր դառնալուց հետո Երվանդը՝ վախենալով Սանատրուկի զավակներից, կոտորում է նրանց։ Ողջ է մնում միայն Արտաշեսը, ում նրա դայակ Սմբատը փախցնում է Պարսկաստան։ Արտաշեսը հասուն տղամարդ է դառնում և Սմբատի և պարսից շահի օգնությամբ դառնում է հայոց արքա։ Որոշ ժամանակ անց ալանները հարձակվում են Հայոց աշխարհի վրա։ Կռվի ժամանակ Արտաշեսը գերեվարում է ալանաց արքայազնին։ Ալանաց արքայադուստր Սաթենիկը կանգնում է Կուր գետի ափին և ասում է Արտաշեսին, որ ետ վերադարձնի եղբորը։ Արտաշեսը սիրահարվում է առաջարկում է, որ Սաթենիիկը ամուսնանա իր հետ։ Ալանաց արքայադուստրը մերժում է, և Արտաշեսը փախցնում է նրան։ Արտաշեսի օրոք հայոց աշխարհում շատ նշանավոր գործեր են կատարվում․ կառուցվում է Արտաշատ մայրաքաղաքը, Հայոց աշխարհում անմշակ հող չի մնում, քառակուսի քարերով սահմանաբաժանման են ենթարկվում հողատարածքները, զարգանում են նավագնացությունը, երկրագործությունը, ձկնորսությունը, կարգավորվում է Հայոց բուն տոմարը։
Արտաշեսի որդի Արտավազդը երբ մեծանում է, դառնում է քաջ, ինքնահավան և հպարտ արքայազն։ Հոր մահվան ժամանակ, երբ շատերը ինքնակամ սպանվում էին իրենց թագավորի համար, Արտավազդը ասում է․«Դու գնում ես և ամբողջ երկիրը քեզ հետ ես տանում, ես ավերակների վրա ու՞մ թագավորեմ»։ Արտաշեսը անիծում է որդուն՝ ասելով․«Երբ դու որսի գնաս Մասիսն ի վեր, քաջքերը թող քեզ բռնեն ու տանեն, այնտեղ մնաս ու լույս չտեսնես»։ Շուտով հոր անեծքը կատարվում է։
Արտավազդից հետո 21 տարի թագավորում է նրա եղբար Տիրանը։ Տիրանը իր դստեր Երանյակին ամուսնացնում է Տրդատ Բագրատունու հետ։ Նա շատ քաջ, բայց տգեղ մարդ էր, և կինը նրան չէր սիրում։ Մի օր Սյունյաց Բակուր նահապետը Տրդատին հրավիրում է ընթրիքի։ Ընթրիքի ժամանակ Տրդատը սիրահարվում է Բակուրի հարճ Նազենիկին և փախցնում է նրան։
Հայոց Երվանդ Սակավակյաց թագավորի օրոք Վարդգես անունով մի երիտասարդ գալիս է Այրարատ, ամուսնանում Երվանդ Սակավակյացի քրոջ հետ և Քասախ գետի մոտ՝ Շրեշ բլրի մերձակայքում, շինում է Վարդգեսավան ավանը։
Տիրանի եղբար Տիգրան Վերջին թագավորի որդի Վաղարշը, թագավոր դառնալով, հավերժացնում է իր ծննդյան վայրը՝ Բասեն գավառում Մուրց և Արաքս գետերի միախառնման տեղը՝ այնտեղ կառուցելով Վաղարշավան ավանը։ Վաղարշը սպանվում է Ճորա դռնից Հայոց աշխարհ ներթափանցած ցեղերի դեմ ճակատամարտում։

Աղբյուրներ՝

Տիգրան Երվանդյան

Տիգրան և Աժդահակ

Համեմատել Երվանդ Սակավակյացին և Տիգրան Երվանդյանին:

Երվանդ Ա Սակավակյացը եղել է հայոց թագավոր մ.թ.ա. 570-560-ական թթ․։ Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։ Ինչպես նշում է Քսենոփոնը, Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»։ Ըստ Երվանդունիք գավառի տեղադրության՝ ենթադրվում է, որ Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա-Վանը։ Մ.թ.ա. 585-550 թթ․ Աժդահակ թագավորի դեմ կռվում պարտվելով՝ Երվանդը ճանաչել է նրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց արշավանքներին։ Սակայն, երբ Աժդահակը պատերազմի է դուրս եկել Բաբելոնիայի դեմ, Երվանդը հրաժարվել է մասնակցել։ Մարաստանի զորքերի գլխավոր հրամանատար Կյուրոս Աքեմենյանը ներխուժել է Հայաստան, կալանավորել Երվանդին և նրա ընտանիքին։ Երվանդի գահաժառանգ որդի Տիգրանի միջնորդությամբ կնքվել է նոր հաշտություն. Երվանդը վերստին ճանաչել է Աժդահակի գերիշխանությունը, տարեկան վճարել 100 տաղանդ հարկ, պարտավորվել զորքի կես մասով մասնակցել արշավանքներին։

Տիգրան Երվանդյանը եղել է հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 560-525 թթ․։ Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն՝ նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորող Աքեմենյան Պարսկաստանը։ Նա մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին, որն ավարտվել է Մարաստանի պարտությամբ և Աքեմենյան պետության հիմնադրմամբ։ Ըստ հայկական ավանդության, Տիգրան Երվանդյանը այդ հաղթական մարտում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանի օրոք Հայաստանը, պահպանելով ներքին անկախությունը, տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տերության տարածքը մոտավորապես համապատասխանել է Հայկական լեռնաշխարհի սահմաններին։ Հետագայում Կյուրոսը Հայաստանը վերածել է Աքեմենյան պետությանը ենթակա մարզի՝ սատրապության։

Ներկայացնել Քսենոփոնի հաղորդած տեղեկությունները Հայաստանի մասին:

Քսենոփոնը (մոտ. մ. թ. ա. 430, Էրքիա – մոտ. մ. թ. ա. 354, Կորինթոս), հին հույն գրող, պատմիչ, զորավար և քաղաքական գործիչ է եղել։ Անաբասիսը Քսենոփոնի պատմա-հուշագրական երկն է։ Բաղկացած է 7 գրքից, որոնցում նկարագրված է մ.թ.ա. 401թ․ Կյուրոս Կրտսերի վարձկան ուժերի՝ 10 հազար հույների անհաջող արշավանքը Աքեմենյան թագավոր Արտաքսերքսես II դեմ և Միջագետքի ճակատամարտում պարտվելուց հետո նրանց նահանջը  Հայաստանի վրայով դեպի Սև ծով։ Հեղինակը մասնակցել է ամբողջ արշավանքին ու նահանջին։ Անաբասիսը անփոխարինելի սկզբնաղբյուր է Հայաստանի հնագույն պատմության ուսումնասիրման համար։ Անաբասիսում Հայաստանը պատկերված է իբրև ընդարձակ երկիր, որի սատրապն էր Օրոնտեսը, իսկ արմատական մասում հյուպարքոս էր Տիրիբազոսը։ Ըստ Անաբասիսի, Հայկական լեռնաշխարհը  բնակեցված է եղել, հիմնականում, հայերով։ Արևելյան Տիգրիսից  մինչև Արաքսի վերին հոսանքը հելլեններն անցել են հայկական գյուղերով։ Անաբասիսի տվյալների համաձայն, Հայաստանի բնակչության գլխավոր զբաղմունքը գյուղատնտեսությունն էր։ Գյուղերում «տները լեցուն էին» մթերքներով (ցորեն, գարի, հաց, գարեջուր, անուշաբույր գինիներ, ընդեղեն,  քունջութի, նշի և բևեկնի յուղ, կենդանական ճարպ և այլն)։  Երկրագործության  տեսակարար կշիռը մեծ էր Հայաստանի տնտեսության մեջ։ Անաբասիսի տվյալներից երևում է, որ Հայաստանում տիրապետող է եղել գյուղական-տերիտորիալ համայնքը։ Անաբասիսը տեղեկություններ է հաղորդում նաև Հայաստանի սատրապային վարչակարգի մասին։ Հիշատակվում են գյուղերում կանգնած ապարանք-ամրոցներ, որոնք պատկանել են սատրապներին։ Օրոնտեսի զորքը հայերից էր բաղկացած։ Սատրապն օգտվում էր նաև վարձկաններից։ Հայաստանի Աքեմենյան ժամանակաշրջանի նյութական մշակույթի ուսումնասիրման համար կարևոր են գյուղական ճարտարապետության, զենքերի, կենցաղային առարկաների մասին տեղեկությունները։ Անաբասիսը որոշ պատկերացում է տալիս մ.թ.ա. 5-6-րդ դարերի Հայաստանի քաղաքական վիճակի մասին, լուսաբանում հին հայկական հասարակության կյանքի տարբեր կողմերը։